Զոհի վրա կրակոցներ արձակելուց հետո մարդասպանը վրաերթի է ենթարկել նրան, հետո էլ ինքն է վթարի ենթարկվել
Oրերս առանձնապես ծանր հանցագործություն է տեղի ունեցել Երևանում. զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո մարդասպանը, տեսնելով, որ հետապնդվողը փորձում է փախչել, «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նրան, սպանել ու ինքն է դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածի մարմինը անհայտ անձինք տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իսկ սպանություն կատարողը, ով հետագայում պարզվել է, որ Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով՝ անցնել Վրաստան, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել. բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Բուժօգնություն ստանալուց հետո նա փորձում է այդտեղից էլ փախչել, սակայն բռնվել է։