Խուճապի մասին խոսք չկա․ ՆԳ նախարարը՝ «սեպտեմբերյան պատերազմի» մասին հայտարարությունների վերաբերյալ
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ որոշ ուժեր պատրաստվում են նոր սեպտեմբերյան պատերազմ։
Լրագրողների հարցին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը ունի իրավական հիմքեր և կարող է խուճապ առաջացնել հանրության շրջանում, նախարարը պատասխանել է, որ նման մտահոգության տեղ չկա։
«Որևէ խուճապի մասին խոսք չկա։ Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որն այս պահին առկա է քաղաքական դաշտում և որպես երկրի ղեկավար՝ տալիս է քաղաքական արձագանք»,- նշել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ իրավական գնահատականներ կտրվեն միայն համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ «Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասել է նախարարը։
Արձագանքելով դիտարկմանը, թե փաստացի հիմնավորումներ չեն ներկայացվել, Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է տեղեկատվական դաշտում շրջանառվող հայտարարություններին։
«Կարծում եմ՝ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին, որտեղ բազմաթիվ ուժեր հանդես են գալիս հայտարարություններով, որոնք երբեմն հակասում են հաստատված փաստերին և կարող են նմանատիպ քաղաքական արձագանքի պատճառ դառնալ, ինչը բնական է»,- ընդգծել է նա։