ՔՊ-ականներն ուրախ-ուրախ տարածում են IRI-ի հարցումը, բայց Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի. Մամիջանյան
Ընտրություններից 3 ամիս առաջ հրապարակված սոցհարցման արդյունքերը դեռևս վերջնական պատկեր չէ, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հրապարակած սոցհարցումներին:
Հայկ Մամիջանյանը բացատրություն չունի, թե ինչու ամերիկյան միջազգային ինստիտուտը չի հրապարակել ՀՀԿ-ի կամ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության վերաբերյալ անցկացրած հարցման տվյալները:
Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն ասում է, որ այս պահին իրենց մեկ բան է հետաքրքրում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը:
«Այս հարցումների արդյունքները ՔՊ-ականները ուրախ-ուրախ տարածում են, նրանք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի, 50 տոկոսից պակաս է լինում: Ուրախ-ուրախ տարածում են, բայց սոցիոլոգիական բանաձևերով Փաշինյանը 50 տոկոսից պակաս ձայն է հավաքում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է ՀՀ-ում անցկացված հարցումները։ Ըստ IRI ընկերության կողմից անցկացված հարցման՝ «ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
ՔՊ – 24 տոկոս,
«Ուժեղ Հայաստան» - 9 տոկոս,
«Հայաստան» դաշինք և ՀՅԴ – 3 տոկոս,
ԲՀԿ – 3 տոկոս: