«Նախորդ իշխանություններին հարցրեք, թե էս հողը ո՞նց տվեցին». Սասուն Միքայելյանը պնդում է՝ ԵԿՄ-ն պահել է Արցախը
Վազգեն Սպարապետին հիշում ենք իր գործերով. նա կարողացավ համախմբել բոլորիս՝ երկրապահներին, և մենք Արցախյան ազատամարտում տարանք հաղթանակ, Սպարապետի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին, թե արդյո՞ք այսօրվա Հայաստանը Սպարապետի երազած Հայաստանն է՝ առանց Արցախի, Սասուն Միքայելյանը պատասխանեց.
«Բնական է, որ ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց դուք մեղավորներին հարցրեք։ Մենք՝ Սպարապետի գլխավորությամբ, մեր գործը փայլուն կատարել ենք, ազատագրել ենք մեր տարածքները։ Հետագայում քաղաքական դաշտում պետք է այդ ամենը կարգավորվեր, պետք է հզորանայինք, նախորդ նախագահները գիտակցում էին, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծվի, պետք է զինվեինք, որ կարողանայինք պաշտպանվել թշնամուց։
Դուք հարցրեք նրանց, թե էս հողը ոնց տվեցին, հենց նախորդ իշխանությունները։ Դա հենց Հոկտոմբերի 27-ի շարունակությունն էր, այդ գործը մինչև այսօր չի բացահայտվել։ Մենք պահանջատեր ենք, որ «27»-ի գործը բացահայտվի»,-ասաց Սասուն Միքայելյանը։