Ամենալավը զինվորական մասնագիտությունն է. բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ, բնակարան. Սուրեն Պապիկյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների համար ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ 4-ամյա կրթությունից հետո սպաները ստանում են բնակարան, որի արժեքը, այսօրվա գներով, 35 միլիոն դրամ է։

«Սա ենթադրում է, որ պետք է 20-ամյա պայմանագիրն ամբողջությամբ իրացվի։ Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է՝ ասեք մի մասնագիտություն, որ բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ, բնակարան»,- նշեց նա։

Պապիկյանը խորհուրդ տվեց ընտրել մասնագիտություն, որն ավելի լավն է։

«Կարծում եմ՝ ամենալավ ու ամենաերաշխավորված մասնագիտությունը հենց զինվորական մասնագիտությունն է, կոչս է մեր պատանիներին, նրանց ծնողներին՝ մտածեք, կողմնորոշվեք հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնին ու դերին»,- հավելեց Պաշտպանության նախարարը։

Այս թեմայով
am