Պարզաբանում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից նախկին տնօրենի վերանշանակման վերաբերյալ
Meganews-ը զրուցել է Տիգրան Գաբրիելյանի՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ՝ պարզելու համար, թե ինչ հիմքով է «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ»-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ս/թ փետրվարի 19-ին վերանշանակվել նախկին պաշտոնում։
Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ հրապարակում էր արել News.am լրատվական կայքը՝ անդրադառնալով վերանշանակման հանգամանքներին։
MegaNews-ի հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ վերանշանակումը կատարվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա և հանդիսանում է պարտադիր կատարման ենթակա որոշում։
«Պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավարը, պարտավոր են կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները, պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում», — նշել է Տիգրան Գաբրիելյանը։
Խոսքը վերաբերում է ԵԴ2/5914/02/24 քաղաքացիական գործին, որի վերաբերյալ մանրամասները հասանելի են դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex հարթակում։
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ տվյալ դեպքում ինքը գործել է բացառապես օրենքի շրջանակում՝ կատարելով դատարանի օրինական պահանջը։