«Մենք մասնակից ենք պատմության կերտմանը». Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ցուցահանդեսը՝ Երևանում

Այսօր «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոցում տեղի է ունեցել «Մենք մասնակից ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը և դրա վավերագրական ներկայացմանը։

Միջոցառմանը ներկա էր գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև արվեստագետներ, մշակույթի գործիչներ, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են արձանի նախագծման և շինարարական աշխատանքների ընթացքը ներկայացնող լուսանկարներ,փաստագրական նյութեր, որոնք այցելուներին հնարավորություն են տվել առավել մոտիկից ծանոթանալ նախաձեռնության գաղափարական հիմքերին ու իրականացման փուլերին։

Միջոցառման ավարտին Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Մեգանյուզի» հարցին՝ մինչ այս պահը քանի՞ մարդ է կամավոր հիմունքներով մասնակցել Քրիստոսի արձանի շինարարությանը, նա նշել է, որ կամավորների թիվը մեծ է։ Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներից դերասաններ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ցանկություն են հայտնում գալ Հայաստան՝ մասնակցելու և տեղում ծանոթանալու աշխատանքներին։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում և հերթագրվում են՝ ցանկանալով մոտիկից տեսնել արձանի կառուցման ընթացքը։

 

Կազմակերպիչների համոզմամբ՝ այս նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա պետություն։ Այն կարող է էական խթան հանդիսանալ ինչպես հոգևոր կյանքի ակտիվացման, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համար՝ ձևավորելով նոր գրավչություն թե՛ ուխտագնացության, թե՛ մշակութային զբոսաշրջության տեսանկյունից։

 

Ցուցահանդեսը բաց կլինի նաև փետրվարի 21-ից 22-ը՝ ժամը 10:00-18:00-ը, նույն վայրում՝ «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոցում։

 

Մարգարիտա Դավթյան 

Meganews.am

Այս թեմայով
am