Արդյո՞ք Եպիսկոպոսաց հավաքը դարձի կբերի եկեղեցու դեմ արաշվին միացած մյուս Սրբազաններին, ինչպես դարձի բերեց Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հրավիրված Եպիսկոպոսաց հավաքն ավարտել է իր աշխատանքներն ու հանդես եկել հայտարարությամբ Հավաքին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ, նրանց թվում նաև՝  Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով միացել էր եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումն էր պահանջում։

Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի առնչությամբ, կոչ արել Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին:

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հորդորել էին խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից:

Aysor.am-ը փորձել է հասկանալ՝  հնարավո՞ր է այդ հայտարարությանը հետևելով, նաև, հաշվի առնելով Մեծ Պահքի այս շրջանը, եկեղեցու դեմ արշավին միացած մյուս Սրբազան Հայրերը ևս որոշեն դարձի գալ։

Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը սահմանափակվեց միայն օրհնելով, այլ հարցերի չպատասխանեց։

«Աստված օրնի ձեզ, ծանոթ չեմ ես այդ հայտարարությանը»,- Aysor.am-ին ասաց Առաքել Սրբազանը։

Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նույնպես ծանոթ չէր հայտարարությանը, ասաց՝ Նորավանքում է, կապի խնդիր ունի։

«Դեռ չեմ կարդացել, որ վերադառնամ Եղեգնաձոր, կնայեմ, կհասկանամ ինչ է»,- նշեց նա։

Աբրահամ Սրբազանն ասաց՝ գիտեր, որ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը գնալու էր ժողովին, բայց որ պետք է միանար եպիսկոպոսներին ու հայտարարությամբ հանդես գար՝ տեղյակ չէր։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ որոշի դարձի գալ՝ Վայոց ձորի թեմի առաջնորդն արձագանքեց. «Մի րոպե, ես հիմա պատրաստ չեմ հարցազրույց տալ, չգիտեմ՝ ինչ հայտարարություն է, երբ ծանոթանամ՝ այդ ժամանակ նոր»,- նշեց Աբրահամ Սրբազանը։

Եկեղեցու դեմ արշավին միացած մյուս Սրբազանների հետ կապ հաստատել չհաջողվեց. նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում։

 

Այս թեմայով
am