200 հազար ստացողն ու միլիոններ ստացողը նույնն ապահովագրավճարն են վճարում․ սա սոցիալական արդարություն չէ. Անուշ Պողոսյան

200 հազար և մեկ դրամ եկամուտ ունեցող քաղաքացին նույն ապահովագրավճարն է վճարում, ինչ 500 հազար, 1 միլիոն կամ 3 միլիոն դրամ ստացողը։ Այս պայմաններում սոցիալական արդարության մասին խոսելը անիմաստ է։ Այս մասին «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ» նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր է նաև առողջապահական ծախսերի փոխհատուցման չափը։

«Կարմիր գծով ներկայացվում է, որ սա համընդհանուր համակարգ է, բայց այն համապարփակ չէ։ Փոխհատուցվելու է ընդամենը առողջապահական ծախսերի մոտ 30 տոկոսը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները շարունակելու են մեծ գումարներ վճարել իրենց գրպանից։ Այս համակարգը չի կարող դիտվել որպես աղքատության հաղթահարման գործիք»,– ասաց նա։

Պողոսյանը նշեց նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց «Արհմեդ» առողջապահական տվյալներում տեսնում են բուժումներ կամ այցելություններ, որոնք իրականում չեն իրականացրել։

«Չխախտելով արդարության կանխավարկածը՝ ենթադրում եմ, որ դա տեխնիկական խնդիր է։ Բայց հնարավոր է նաև պետական միջոցների արտահոսք, քանի որ գրառումներին կից երևում են փոխանցված գումարները։ Պետությունը համակարգին բավարար պահանջներ չի ներկայացրել՝ միայն անուն-ազգանունը քիչ է, անհրաժեշտ է նաև անձի հստակ նույնականացում։ Չի բացառվում, որ պետպատվերի շրջանակում պարզապես գումարների հոսքեր են տեղի ունեցել»,– ընդգծեց նա։

 

Այս թեմայով
am