Երկու օլիգարխիկ սուբյեկտին էլ հստակ ֆիքսել եմ, իրենց հարցերը լինելու են ամենավերջում. Ավինյանը սպառնաց սեփականատերերին
Ամենակարևոր մանկապարտեզը մոռացանք՝ Կիլիկիա թաղամասի մանկապարտեզը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը զեկուցեց, որ Վաղարշ Վարղարշանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի մեծ առկա հողատարածքի վրա նոր մանկապարտեզ կառուցելու համար էսքիզ է նրկայացվել երեք խմբի համար նախատեսված մանկապարտեզի համար և «Երևան նախագծից» դրական եզրակացություն կլինի։
Ավինյանը նկատեց, որ էսքիզը թույլ է տալու մի փոքր ավելի մեծ մանկապարտեզ կառուցել, քան որ եթե նոր շենք կառուցվի պահանջարկը մեծանալու է։ Նա հիշեցրեց, որ մեկ այլ մանկապարտեզի խնդիրը լուծել են Կորեայի ձորում տարածք վարձակալելու միջոցով։
«Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց մեր մանկապարտեզը եղել է հոգեկան առողջության կենտրոնում, հանել և տեղափոխել ենք Կորեայի ձորում վարձակալած հողի վրա»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը բացատրեց, թե ինչու է Կիլիկիայի մանկապարտեզի կառուցումը ձգձգվում, ըստ նրա, մի քանի խոշոր գործարարներ, որոնք Հայաստանում չեն բնակվում, այդ թաղամասում սեփական տարածքներ ունեն, և նրանք փորձում են պահանջներ ներկայացնել, ասելով՝ մենք սա տանք, դուք սա տվեք. «Բավականին կոշտ բանակցությունների արդյունքում հասկացանք, որ էդ մարդկանց հետ հնարավոր չէ որևէ համաձայնության գալ, որևէ տրամաբանություն չկար իրենց պահանջների մեջ։ Աեմ ավելին, էս բանակցությունները լույս են սփռում, թե էդ մարդիկ ովքեր են և իրենց սահմանափակ հետաքրքրությունների շրջանական ինչ է։
Հետևապես մեր վերաբերմունքը օլիգարխիկ այդ շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ պետք է լինի համապատասխան։ Իրենց հարցերը մեզ համար լինելու են ամենավերջին շարքում։ Երկու սուբյեկտ կար հողի հարցով, երկու սուբյեկտին էլ շատ հստակ ֆիքսել եմ։ Իրենց բոլոր հարցերը մեր առաջնահերթությունների շարքում լինելու են ամենավերջում, իրենց դիմումները մանրամասնորեն քննարկվելու են։ Որևէ հարցում էս մարդիկ չեն կարողանալու ունենալ որևէ արտոնություն։ Այսինքը մեր Կիլիկիայի մանկապարտեզի հարցը կախված էր ինչ-որ մարդկանց եսիմ որ թվին, եսիմ ինչ գնով ձեռք բերած հողերից, և հող չէինք գտնում։ Լավ է՝ էս դպրոցի տարածքը գտանք»,-հայտարարեց Ավինյանը։