ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՛

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է քննության ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատն և այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։

Դիմումը քննության է ընդունվել «well-established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական։

Գանգատը վերաբերում է՝

 կալանքի` իրավաչափությանը,  տևողության հիմնավորվածությանը,

 դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,

 իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը շուրջ երեք տարի գտնվել է կալանքի տակ։

Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։

Ի դեպ, հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը նույնպես  վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել:

Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է»։

Այս թեմայով
am