Ալեն Սիմոնյանը Սոլովյովի և Դուգինի հասցեին իր արտահայտության մասին. ինչո՞ւ նրանց չպատասխանել նույն լեզվով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է իշխանամետ լրագրողներ Վլադիմիր Սոլովյովի և Ալեքսանդր Դուգինի հասցեին արած իր կոշտ արտահայտությունը։
«Մարգարիտա Սիմոնյանը՝ RT-ի ղեկավարը, թերևս գլխավոր քննադատն է։ Սա, երևի թե, ամենատեղին, ամենապատշաճ հեռուստատեսային կամ տպագիր բառն է, որը կարող եմ այստեղ օգտագործել։ Նա պարբերաբար արտահայտվում է Հայաստանի ղեկավարության, Հայաստանի և անձամբ պարոն Փաշինյանի մասին։ Եվ ես տեսա, որ Դուք ի պատասխան նույնպես արտահայտվել եք ռուսաստանյան քարոզիչների մասին՝ Սոլովյովին և Դուգինին անվանելով, կներեք, մեջբերում եմ՝ «… на палочке»։ Սա ակնհայտ սրում է»,- ասել է «Дождь»-ի լրագրողուհին։
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ հիշատակված քարոզիչների հասցեին հայհոյանք չի արտաբերել։
«Երբ խոսքն այն երկրին սպառնալու մասին է, որը ես եմ ներկայացնում, և դա արվում է ամենաբարձր մակարդակով՝ այն իմաստով, որ այդ մարդիկ համարվում են գործող իշխանության խոսնակներն ու բարձրախոսները, և միևնույն ժամանակ իշխանությունն ասում է, թե դա առանձին անհատների կարծիքն է, ապա ինչո՞ւ նրանց չպատասխանել նույն լեզվով»,- ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Դուգինն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ՝ հայտարարելով, թե Բաքվին «հենց այնպես չհաջողվեց վերցնել» Ղարաբաղը։
Իր հերթին Սոլովյովն իսկական դիվանագիտական սկանդալ էր հրահրել՝ հայտարարելով, թե «Հայաստանի կորուստը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտի հանդիսացող տարածքներում՝ անտեսելով միջազգային իրավունքը»։