ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք օրինագծեր և համաձայնագրեր։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում փոփոխություն նախատեսող նախագիծը։ Դրա համաձայն՝ բուժծառայության դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կերպով կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Այն կարտացոլվի նաև ArMed համակարգում, այսինքն՝ ՀԴՄ կտրոնում կներառվի ArMed-ի համապատասխան գրանցման կոդը։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Ըստ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որը կապահովի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց հետ կապված իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը։

Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը։ Դրա համաձայն՝ սահմանվում է, որ 27–37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը։

 

Այս թեմայով
am