ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան․ ի՞նչ է փոխվում Հայաստանի անվտանգության հաշվարկներում
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցը կարող է դիտարկվել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների որակական փոփոխության ազդակ։ Այդ մասին նշված է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ, որտեղ այցը բնորոշվում է որպես «շրջադարձային պահ երկու երկրների գործընկերության համար»։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Վենսը հանդիպումներ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո արձանագրված զարգացումները և հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաջորդ փուլը։
Անվտանգություն՝ գործնական շեշտադրումներով
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, ցույց է տալիս, որ երկկողմ հարաբերություններում աստիճանաբար ձևավորվում է գործնական անվտանգային բաղադրիչ։ Սա միաժամանակ խոսում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման և տեխնոլոգիական արդիականացման փորձի մասին։
Թեև պաշտոնական ձևակերպումներում խուսափվում է ռազմաքաղաքական դաշինքների մասին ուղիղ հայտարարություններից, փաստացի արձանագրվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է խորացնել ներգրավվածությունը Հայաստանի անվտանգության ոլորտում։
Միջուկային էներգետիկա՝ վստահության բարձր մակարդակ
Հայաստան–ԱՄՆ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քաղաքական ուղերձ է։ Միջուկային ոլորտում համագործակցությունը ենթադրում է ոչ միայն տեխնիկական, այլ նաև բարձր մակարդակի քաղաքական վստահություն և երկարաժամկետ պարտավորություններ։
Սա կարող է նշանակել, որ Հայաստանը փորձում է իր էներգետիկ անվտանգությունը կառուցել արևմտյան ստանդարտների և գործընկերների ներգրավմամբ։
Ռեսուրսներ և աշխարհաքաղաքական հաշվարկներ
Կարևորագույն հանածոների և հազվագյուտ նյութերի համատեղ զարգացման վերաբերյալ հայտարարությունները ևս վկայում են, որ հայ-ամերիկյան համագործակցությունը դիտարկվում է ավելի լայն՝ գլոբալ ռազմավարական համատեքստում։ Այս ոլորտը ներկայում համարվում է աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային ուղղություններից մեկը։
ԱՄՆ դեսպանատան կողմից օգտագործված «շրջադարձային պահ» ձևակերպումը վկայում է, որ Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է տեղափոխել ռազմավարական հարթություն։ Սակայն Հայաստանի համար հիմնական մարտահրավերը մնում է նույնը՝ արդյոք այս զարգացումները կվերածվեն իրական անվտանգության և կայունության, թե կմնան քաղաքական հայտարարությունների մակարդակում։
Մարգարիտա Դավթյան
Meganews.am