«Ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին». քաղաքական խոսքի պատասխանատվությունը

Վերջին օրերին հանրային լայն արձագանք են ստացել Սարգիս Կարապետյանի հայտարարությունները, որոնք հնչել են «Եռանկյունի» պոդքաստի ընթացքում և վերաբերում են «ուժեղ Հայաստան» գաղափարին՝ կնոջ «անբավարարվածության» թեմայով ձևակերպումներով։ Դրանք արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում՝ առաջացնելով թե՛ քննադատություն, թե՛ հեգնանք։

Թեև հայտարարության հեղինակն ու նրա համակիրները փորձեցին այն ներկայացնել որպես հումորային կամ ոչ պաշտոնական խոսք, խնդիրն ավելի խորքային է։ Ժողովրդագրական լրջագույն հարցերը ներկայացվում են չափազանց պարզեցված և սեքսիստական ենթատեքստով՝ անտեսելով սոցիալ-տնտեսական, անվտանգային, առողջապահական և արժեքային գործոնները, որոնք իրականում որոշում են երկրի զարգացման ուղին։

Քաղաքական խոսքը, հատկապես ընդդիմադիր դաշտում, պահանջում է առավելագույն պատասխանատվություն։ Երբ հանրային դիսկուրսը, այդ թվում՝ մեդիա հարթակներում և պոդքաստներում, իջեցվում է հումորային կամ սեքսիստական մակարդակի, դա ոչ միայն չի օգնում ժողովրդի վստահության կառուցմանը, այլ նաև թուլացնում է հենց այդ ուժերի դիրքերը։

«Ուժեղ Հայաստան» գաղափարը պետք է ներառի անվտանգային համակարգի ամրապնդում, սոցիալ-տնտեսական զարգացում, ժողովրդագրական քաղաքականություն և պետական ինստիտուտների կայացում։ Նման հայտարարությունների արդյունքում այն վերածվում է հանրային ծաղրի և ուշադրության շեղման, կորցնելով բովանդակային ծանրությունը։

Բացի այդ, վերլուծաբանների գնահատմամբ, ընդդիմադիր դաշտում նման անլուրջ խոսքը գործնականում աշխատում է գործող իշխանության օգտին։ Հանրային ուշադրությունը շեղվում է համակարգային քննադատությունից և տեղափոխվում սկանդալային, սակայն բովանդակազուրկ քննարկումների դաշտ։

Կնոջ կերպարի շահարկումը քաղաքական հաղորդակցության մեջ միայն բարձրացնում է հարցեր ժամանակակից քաղաքական մշակույթի և հանրային պատասխանատվության մասին։ Արդյոք ընդդիմադիր դաշտը գիտակցում է, որ նման հայտարարությունները ոչ թե թուլացնում են իշխանությանը, այլ հակառակը՝ ամրապնդում են նրա դիրքերը։

Քաղաքական պայքարում մեդիան կարող է լինել ուժեղ գործիք, բայց երբ այն փոխարինում է բովանդակությանը, արդյունքը դառնում է կանխատեսելի՝ հանրային վստահության կորստի և ընդդիմադիր դաշտի դիրքերի թուլացման տեսքով։

Մ. Դավթյան

Meganews.am

Այս թեմայով
am