Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այս էջը. Ալիև
Մենք վերականգնեցինք արդարությունը, միջազգային իրավունքը, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ապա հասանք խաղաղության։ Եվ հետո մենք կանգ առանք։ Եվ երեսուն տարի տառապած երկրի ղեկավարի համար ճիշտ պահին կանգ առնելը շատ պատասխանատու և շատ կարևոր որոշում է:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով։
Մենք կարող էինք շարունակել։ Ես շատ անկեղծորեն հայտարարում եմ ձեզ և մեր ամբողջ լսարանին. սա կհանգեցներ պատերազմների անվերջ շարքի, ավելի մեծ տառապանքների, ավելի շատ զոհերի, և այդ դեպքում պատերազմը երբեք չէր ավարտվի։ Բայց ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն, և մենք որոշեցինք դա անել։ Այո, դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այս էջը և ուսումնասիրել խաղաղության հնարավորությունները։ Եվ մենք, ինչպես ասացի՝ կարծում եմ՝ ռեկորդային արագությամբ կարողացանք 2023 թվականի սեպտեմբերին ռազմական բախումից անցնել 2025 թվականի օգոստոս, երբ Հայաստանի վարչապետի հետ ստորագրեցինք համատեղ հռչակագիր, և խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց նախագահ Թրամփի ներկայությամբ։ Նախագահ Թրամփը հռչակագիրը ստորագրեց որպես վկա, և, ինչպես ասացի, մենք այս պատերազմն ավարտեցինք աշխարհի թիվ մեկ գրասենյակում,-եզրափակել է Ալիևը: