«Հանրային խոսքում հայհոյախոսության դրսևորումներին պետք է վերջ դնել» — Ն. Փաշինյան
Այն, ինչ վերջին յոթ տարիներին տեղի է ունենում Հայաստանում, այլևս սովորական քաղաքական հակամարտություն չէ։ Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքների, հաճախ՝ ամենածանր արտահայտություններով՝ «դավաճան», «ծախված», «օտարի գործակալ»։ Բայց այս բառերի կրկնությունը վաղուց դուրս է եկել քաղաքական բանավեճի սահմաններից։ Այն դարձել է ազգային կյանքի թույնը։
Այս անընդհատ մեղադրանքային պատերազմը ոչ միայն արտոնում է հասարակական հիասթափությունը քաղաքական դաշտի հանդեպ, այլ նաև հարվածում է ազգային անվտանգությանը։ Երբ երկրում «բոլորը գիտեն՝ ով ով է», բայց որևէ լուրջ մեղադրանքի չի հաջորդում ոչ քննություն, ոչ իրավական ընթացք, պետությունն իր պարտականությունը չի կատարում։ Անվտանգության համակարգը՝ փոխանակ կանխելու վտանգները, մնացել է մերկացված ու անգործության մատնված։
Հասարակությունը բաժանվում է «սևերի» և «սպիտակների»։ Այս բաժանումը խորը չի թվում առաջին հայացքից, բայց իրականում այն վտանգավոր է՝ այն աշխատում է նույն օրենքով, որով աշխատում են ներքին անկայունության տեխնոլոգիաները․ ժողովուրդը բաժանել խմբերի, խմբերը իրար դեմ կանգնեցնել, իսկ երկիրը թողնել անպաշտպան։
Այս ամենը անխուսափելիորեն տանում է դեպի բևեռացում, ներքին դիմակայություն և ազգային դիմադրողականության թուլացում։ Հենց այստեղ է, որ առաջանում է գլխավոր հարցը․ ի՞նչ անել։
Կարինե Սահակյան
Meganews.am