Գյումրիում առավոտը սկսվեց ձերբակալությամբ. քաղաքապետին դուրս բերեցին ուժով

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Գյումրիում տեղի ունեցավ իրավապահ համակարգի վերջին տարիների ամենաուշագրավ գործողություններից մեկը։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և մի շարք համայնքային պաշտոնյաներ բերման ենթարկվեցին՝ հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։ Առավոտյան հատուկ ջոկատայինները փակեցին քաղաքապետարանի բոլոր մուտքերը, զրահաբաճկոններով ուժայինները ներխուժեցին շենք, աշխատակազմին չթույլատրելով մուտք գործել աշխատավայր։ Ղուկասյանը դուրս բերվեց շենքից՝ ուղեկցվելով ուժայիններով, մեքենայով տեղափոխվեց Երեւան՝ առանց հրապարակային մեկնաբանության։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ ձերբակալման պատճառը քննչական տվյալներն են, որոնց համաձայն՝ Գյումրու համայնքի ղեկավարության ներկայացուցիչները կաշառք են պահանջել մոտ 4 միլիոն դրամի չափով՝ ապօրինի շինարարություն թույլ չտալու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով սեփականաշնորհման գործընթացը խոչընդոտելու սպառնալիքով։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև համայնքի գլխավոր ճարտարապետին և այլ ծառայողների։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ գործողության շրջանակներում օգտագործվել են գաղտնալսումներ, անօդաչու սարքեր, ինչպես նաև վերահսկողության հատուկ միջոցներ։
Ղուկասյանը Հայաստանի քաղաքական դաշտի համար նոր անուն չէ։ Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-2012 թվականներին, իսկ 2025-ին, երկարատև դադարից հետո, վերադարձել է տեղական իշխանության գլուխ՝ ընտրությունների արդյունքում։ Այդպիսով, նրա ձերբակալությունը կարդացվում է ոչ միայն որպես կոռուպցիոն սկանդալի շրջանակ, այլ նաև քաղաքական վերադասավորումների ազդակ։ Տեղական մակարդակում նա հանդես էր գալիս որպես հզոր կառավարման կենտրոն, որն ունի իր «սեփական ճարտարապետությունը»՝ կապված ազդեցիկ բիզնեսների, վարչական լծակների և հանրային կապերի հետ։ Նրա բերման ենթարկումը փաստացի կերպով խզում է այդ իշխանական հանգույցը։
Այս ամենը տեղի է ունենում սոցիալ-քաղաքական լարվածության ֆոնին, երբ պետական վերահսկողության թիրախում հայտնվել են ոչ միայն նախարարություններ, այլ նաև համայնքային կառույցներ։ Մինչ իշխանությունները ներկայացնում են այս միջադեպը որպես անզիջում պայքար կոռուպցիայի դեմ, ընդդիմադիր շրջանակներում ձեւավորվում է ընկալում, թե սա նաեւ քաղաքական չեզոքացման գործիք է։ Գյումրիում որոշ բնակիչներ, ի պատասխան կատարվածի, հավաքվել են քաղաքապետարանի դիմաց, իսկ սոցիալական հարթակներում բողոքի խոսքեր հնչեցին՝ կապված ուժայինների կիրառած մեթոդների հետ։
Ստեղծված իրավիճակը մի քանի ուղղությամբ է բարդ։ Առաջինը՝ իրավական հարթությունն է։ Եթե մեղադրանքները հաստատվեն իրավական ընթացքով, ապա սա կարող է դառնալ համակարգային կոռուպցիայի բացահայտման նախադեպ, հատկապես մարզային մակարդակում։ Բայց եթե դատավարությունը չիրականացվի թափանցիկ եւ արդար, հասարակության աչքում այն կմնա որպես հաշվեհարդար՝ ուղղված ոչ թե գործողության, այլ անձի դեմ։ Երկրորդ՝ տեղի ունեցավ հասարակական վստահության խզում տեղական կառավարման նկատմամբ։ Քաղաքապետը՝ որին ընտրվել էին որպես ժողովրդի ներկայացուցիչ, այժմ ներկայացվում է որպես պաշտոնեական դիրքը շահարկած կոռումպացված դեմք։ Երրորդ՝ տեղի իշխանության հեռացման հետևանքով առաջանում է վակուում, որը հնարավոր է լցվի արտաքին նշանակման կամ ժամանակավոր կառավարման միջոցով՝ սա էլ հերթական անգամ հարցականի տակ է դնում համայնքային ինքնիշխանության գաղափարը։
Սակայն այս գործողության ամենաէական տարրը այն է, որ այն բացում է մի նոր էջ Հայաստանի ուժային կառույցների վարքագծում։ Եթե մինչ այս կոռուպցիայի դեմ պայքարի թիրախում հիմնականում պետական գերատեսչություններն էին, այժմ հստակ ուղերձ է հղվում տեղական իշխանություններին՝ համայնքի ղեկավար լինելը երաշխիք չէ անպատժելիության համար։ Այդուհանդերձ, մնում է հարցը՝ արդյո՞ք բոլոր համայնքներում նմանօրինակ ստուգումներ ու գործընթացներ կկիրառվեն, թե՞ սա նպատակային, ընտրովի գործողություն էր։ Այլ կերպ՝ հարց է՝ արդյոք Գյումրիի դեպքը բացառությո՞ւն է, թե՞ նախադեպ։
Ղուկասյանի դեմ ներկայացված մեղադրանքները պետք է անցնեն դատական խիստ փորձաքննություն։ Սակայն դեռ մինչ այդ, արդեն իսկ սկսվել է հասարակական դատաստանը՝ մի կողմը պահանջում է արդարություն, մյուսը՝ բացատրություն։ Իսկ մինչ այդ Գյումրին՝ 1988-ի երկրաշարժից հետո տարիներ շարունակ վերակառուցվող, բայց երբեք ամբողջովին չվերականգնված քաղաքը, կրկին հայտնվել է պետական եւ քաղաքական ուշադրության կենտրոնում՝ այս անգամ ոչ թե վերականգնման, այլ քաղաքական ցնցման պատճառով։
Մարգարիտա Դավթյան
Մեգանյուզ լրատվական