«Հայաստանի եվրաինտեգրումն իմիտացիոն գործընթաց է՝ առանց բովանդակային հիմքի». երկրորդ նախագահ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի փոփոխություններին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման և արևմտյան ուղղությամբ ակտիվացման ֆոնին։ MegaNews-ի լրագրող Մարգարիտ Դավթյանի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ ընթացող գործընթացները չունեն իրական բովանդակություն և ուղեկցվում են իմիտացիոն մոտեցումներով։

«Այսօր ձևավորվում է մի գործընթաց, որը ես կբնորոշեմ որպես իմիտացիոն եվրաինտեգրում։ Ես դեմ եմ նման մոտեցումներին, որովհետև եթե կա իրական ցանկություն անդամակցելու Եվրոպական միությանը, ապա դրա համար գոյություն ունեն հստակ ընթացակարգեր։ Կարելի է ուղղակի դիմել՝ ինչպես անում են մյուս բոլոր երկրները։ Բայց մենք այսօր տեսնում ենք՝ հայտարարություններ կան, դեկլարատիվ խոսքեր կան, սակայն գործընթաց՝ որպես այդպիսին, չկա։ Սա պարզապես իմիտացիա է», – ընդգծեց Քոչարյանը։

Նա հիշեցրեց նաև, որ ԱԳՆ-ում վերջերս ստեղծվել է եվրոինտեգրման վարչություն, ինչը, իր խոսքով, տարօրինակ հակասություն է ստեղծում․

«Մենք չունենք եվրոինտեգրման իրական գործընթաց, բայց արդեն ունենք վարչություն։ Սա բնորոշ է մեր իրականությանը, երբ ձևն առաջ է անցնում բովանդակությունից»։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման մասին՝ Քոչարյանն ընդգծեց, որ ՀՀ-ն արդեն փաստացի հեռանում է Մոսկվայից, բայց չի պարզաբանվում՝ ինչու և ինչ նպատակի համար։

«Չեմ կարող հասկանալ՝ ինչ հաշվարկով է սա արվում։ Երբ տեսնում ես՝ եվրոպական քաղաքական լիդերներն ինչպես են այսօր կանգնած հերթում՝ Սպիտակ տան միջանցքում, սպասելով Թրամփի ընդունելությանը, դա ցույց է տալիս, թե ինչ ճգնաժամի առաջ է կանգնած Եվրոպան։ Փորձեցի այդ շարքում պատկերացնել Ժակ Շիրակին, Հելմուտ Կոլին կամ Շրոդերին։ Անհնար է։ Բայց հիմա սա է իրականությունը», – ասաց երկրորդ նախագահը։

Քոչարյանն ընդգծեց, որ այսօրվա քաղաքական որոշումների մեծ մասն իրականացվում է առանց ռացիոնալ հաշվարկի։

«Ձեր հարցին ես ռացիոնալ պատասխան չունեմ, որովհետև չեմ հասկանում՝ այս քաղաքականությունը ձևավորողների գլխում ինչ բիոքիմիա է ընթանում։ Բայց մի բան պարզ է՝ դա որևէ կապ չունի Հայաստանի ազգային շահերի և աշխարհաքաղաքական հաշվարկների հետ», – ամփոփեց Ռոբերտ Քոչարյանը։
 

Մարգարիտ Դավթյան

Meganews.am 

Այս թեմայով
am