Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողներ Արկադի Մկրտիչյանը և Դանիիլ Գևորգյանը կշարունակեն հանդես գալ «Ուրարտու» ակումբում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արկադի Մկրտիչյանը և Դանիիլ Գևորգյանը կշարունակեն հանդես գալ «Ուրարտու» ակումբում:

Ակումբի նախագահ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները նոր պայմանագրեր են ստորագրել:

Արկադի Մկրտիչյանը «Ուրարտուի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից և այս ընթացքում դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։  Մկրտիչյանը Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից է: ԱՄՆ-ում համալսարանական դիվիզիոնում հանդես գալուց հետո խաղացել է Ֆրանսիայում, Ղազախստանում և Էստոնիայում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստան: 15 տարեկանից հանդես է գալիս Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

Դանիիլ Գևորգյանը ևս 2021 թվականից է հանդես գալիս «Ուրարտուում»:

«Իմ սպասելիքը մեկն է՝ դառնալ չեմպիոն։ Մեզ մոտ արդեն սկսվում է ընդհանուր թիմային պատրաստությունը, որտեղ բոլորս կհանդիպենք, կծանոթանանք միմյանց հետ։ Հետո աստիճանաբար կսկսենք աշխատել՝ քայլ առ քայլ, որպեսզի հասնենք մեր գլխավոր նպատակին՝ չեմպիոնական տիտղոսին։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ունենանք միասնական թիմ, փոխըմբռնում և թիմային քիմիա՝ թե՛ բասկետբոլիստների միջև, և թե՛ մարզիկների ու մեր ամբողջ ղեկավարության միջև։ Եթե այդ ամենը լինի, վստահ եմ՝ կհասնենք ամենաբարձր արդյունքներին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Դանիիլ Գևորգյանը։

Հայաստանի բասկետբոլի Ա Լիգայի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերին:

 

Այս թեմայով
am