Մութ անցյալով՝ ներկա պաշտոնյան․ Աբրահամյանների ունեցվածքը, աղմկահարույց մեղադրանքներն ու իշխանության լռությունը. NEWSPRESS.am

Նիկոլ Փաշինյանն, իր ՔՊ-ական քայլիստների հետ, իշխանության եկավ Ռուբին-Հուդյան խոստումներով, որը մոտավորապես հնչում էր այսպես՝  հարուստներից վերցնում ենք, տալիս աղքատներին, պատժում օլիգարխներին ու թալանչիներին: Ասում էր, թե՝ կոռուպցիա չի լինելու, չեն խնայելու անգամ յուրայիններին:

Խոսքը՝ խոսքով, իսկ գործնականում պարզ դարձավ, որ նրա «արդարադատությունը» ընտրովի արդարադատություն է ու դրսևորվում է երկակի ստանդարտներով:

Ավելի պարզ ձևակերպմամբ՝ այս խոստումը, այն էլ մասամբ, տարածվեց միայն բոլոր նրանց վրա, ովքեր չանցան նրա թրի տակով ու չՔՊականացվեցին:

Իսկ ովքեր համալրեցին ՔՊ շարքերը ապահովագրեցին թե՛ ազատ կյանքը, թե՛ ունեցվածքը:

Հիմա օրինակներով.

NEWSPRESS.am-ին լուրեր են հասել, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ Հրազդան քաղաքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Աբրահամյանն ու նրա որդին՝ Վարդազատ Աբրահամյանը, որոշ անձանց տրամադրել են հագուստ և զենք՝ ցուցարարների միջավայր ներթափանցելու և վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով։

Նույն տեղեկությունների համաձայն, այս ծառայության դիմաց, Աբրահամյանին խոստացվել էր պաշտոնեական առաջխաղացում: Համենայդեպս, մարտի մեկի դեպքերից հետո  նա նշանակվել է Կոտայքի մարզի ոստիկանապետ։

Մեզ հասած մեկ այլ շրջանառվող տեղեկության համաձայն,  2008 թվականին Ավետիք Աբրահամյանի որդին՝ Վարդազատ Աբրահամյանը, ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետին։

Այդ ժամանակ Ավետիք Աբրահամյանն արդեն Կոտայքի մարզի ոստիկանության վարչության պետի պաշտոնում էր:  Ինչ-որ ճանպարհով հաջողվում է լռեցնել միջադեպը, ինչի արդյուքնում այն պատշաճ իրավական ընթացք չի ստացել, իսկ Վարդազատ Աբրահամյանը պատասխանատվության չի ենթարկվել։

Առավել ծանր հարցեր են առաջանում 2013 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։

NEWSPRESS.am-ին հասած տեղեկություններով,  Վարդազատ Աբրահամյանը վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ Սաշիկ Արսենյանի որդուն՝ Կամո Արսենյանին, որի հետևանքով վերջինս մահացել է։

Ըստ նույն տեղեկությունների՝ հարուցված քրեական գործի վարույթը հետագայում կարճվել է՝ պատճառաբանելով, թե իբր մեքենան եղել է անսարք վիճակում։

Ավելին, շրջանառվող պնդումների համաձայն՝ հայր և որդի, Աբրահամյանները սպառնալիքների միջոցով, փորձել են լռեցնել Արսենյանների ընտանիքին՝ վերջիններիս զգուշացնելով, որ հրապարակային խոսելու դեպքում կարող են վնասել նրանց։ Ըստ այդ տեղեկությունների՝ ընտանիքը հետագայում հեռացել է Հայաստանից։

Բայց Աբրհամյանների շուրջ պտտվող լուրերը սրանով էլ չեն սահմանափակվում:

Ներկայումս Վարդազատ Աբրահամյանը զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 8 ոլորտային բաժնի պետի պաշտոնը։

Նրա վերաբերյալ շրջանառվում է նաև մեկ այլ լուրջ մեղադրանք։ Մասնավորապես, պնդումներ կան, որ Աբովյանի ադամանդի վերամշակման գործարանում ստուգումների ընթացքում խախտումներ հայտնաբերելուց հետո համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն նա, իբր, գործարանի տնօրինությունից ստացել է խոշոր չափերի կաշառք և թաքցրել հայտնաբերված խախտումները։

Եթե այս պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա հարցն արդեն վերաբերում է ոչ միայն անցյալում տեղի ունեցած հնարավոր չարաշահումներին, այլև ներկայումս պետական համակարգում զբաղեցրած պաշտոնի շրջանակում ենթադրյալ կոռուպցիոն գործունեությանը։

Ու հարց է առաջանում՝ արդյոք ՊԵԿ ներքին անվտանգության և իրավասու քննչական մարմինները երբևէ ուսումնասիրե՞լ են այս տեղեկությունները։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։

Մի քիչ էլ պատմենք ունեցվածքի մասին:

NEWSPRESS.am-ի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամյանների հետ կապվող գույքերի ցանկում նշվել են հետևյալ անշարժ գույքերն ու ակտիվները.

  1. Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, 6-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, թիվ 49 հասցեում գտնվող՝ 0.05391 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը։
  2. Նույն հասցեական հատվածում՝ 6-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, թիվ 30/1 հասցեում գտնվող՝ 0.0540077 հա մակերեսով անշարժ գույքը։
  3. «Բաչկու» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։
  4. Կոտայքի մարզի Արտավազ համայնքում գտնվող՝ 0.1 հա մակերեսով, 07-017-01-42-0050 կադաստրային ծածկագրով հողամասը։
  5. Արարատի մարզի Այնթափ գյուղի 17-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 20 հասցեում գտնվող հողամասը։
  6. Կոտայքի մարզի Արտավազ գյուղում՝ 4-3 մատյանի 095 համարի տակ գրանցված անշարժ գույքը՝ 07-017-169.026 կադաստրային համարով։
  7. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 07-004-4-17-4 միասնական մատյանի 188 համարի տակ գրանցված անշարժ գույքը։
  8. Ըստ տեղեկությունների՝ Աբրահամյանների հետ կապվող այլ անշարժ գույքեր կան Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում և Երևանում։

Իհարկե, գույքի առկայությունն ինքնին որևէ հանցագործության ապացույց չէ։ Սակայն երբ նույն անձանց շուրջ տարիներ շարունակ հնչում են պաշտոնեական դիրքի չարաշահման, հնարավոր կաշառքի և անպատժելիության վերաբերյալ հարցեր, գույքի ծագման, ձեռքբերման ժամանակահատվածի և հայտարարագրված եկամուտների համապատասխանության ուսումնասիրությունը հարցեր են առաջցնում. արդյոք այս գույքերը ձեռք են բերվել օրինակա՞ն եկամուտներով, արդյոք դրանք պատշաճ կերպով հայտարարագրվե՞լ են, և արդյոք իրավասու մարմիններն իրականացրե՞լ են անհրաժեշտ ստուգումներ։

Եվ այստեղ է առաջանում ամենակարևոր քաղաքական օրակարգային հարցը։

Եթե նախկին համակարգում ամեն ինչ այդքան վատ էր, եթե իսկապես գոյություն ուներ պաշտոնեական հովանավորչության և անպատժելիության մթնոլորտ, ապա ինչո՞ւ այդ համակարգի հետ կապվող բոլոր աղմկահարույց պատմությունները չեն ստացել իրավական գնահատական։

Ինչո՞ւ կան նախկին պաշտոնյաներ, որոնց անցյալը մանրակրկիտ ուսումնասիրվել է, իսկ մյուսների պարագայում լռություն է:

Այս մարդիկ իսկապե՞ս իրենց կարողությունն ու դիրքը ձևավորել են բացառապես սեփական աշխատանքի և օրինական եկամուտների շնորհիվ, թե՞ պարզապես կարողացել են անցնել ՔՊ-ի քաղաքական մաղով՝ տաքուկ տեղ գտնելով ու հարմարվելով նիկոլական կանոններին։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ երկակի ստանդարտների դրսևորման ձև:

Եթե այդպես չէ, ապա այս պատմության վրա հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի և անձամբ քաղաքական իշխանության ուշադրությունը։

Արմինե Մկրտումյան

NEWSPRESS.am

 

Այս թեմայով
am