Արարատ Վարդանյանը և Մարիամ Փափազյանը՝ սպորտային պարերի հայկական առաջատար զույգերից

Հայաստանում սպորտային պարերը շարունակաբար զարգանում են՝ շնորհիվ Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհրդի և նրա նվիրյալ անդամների։ Խորհրդի լավագույն ներկայացուցիչներից են Արարատ Վարդանյանն ու Մարիամ Փափազյանը, ովքեր դեռ մանկուց սկսել են զբաղվել սպորտային պարերով։ Տարիների ջանասիրությունն ու նվիրումն իրենց արդյունքն են տվել․ նրանք դարձել են Հայաստանի բազմակի չեմպիոններ և հանդես եկել աշխարհի խոշորագույն մրցաշարերում։

2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկ քաղաքում անցկացվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը և «Բարեկամության կամուրջ» միջազգային մրցույթ-փառատոնը։ Արարատն ու Մարիամը հանդես են եկել իրենց տպավորիչ դուետով՝ ներկայացնելով Հայաստանը։ «Բարեկամության կամուրջ» մրցույթում նրանք արժանացել են եզրափակիչ փուլի ուղեգրի՝ դառնալով եզակի հայկական զույգը այդ փուլում, իսկ Համահայկական խաղերում գրավել են երկրորդ տեղը՝ արժանանալով փոխչեմպիոնի կոչման։

Այս հաջողություններից հետո պարող զույգը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկին՝ «Կրեմլի գավաթին», որը կայացել է ապրիլի 26-ին։ Ընդգծենք, որ այս մրցույթին մասնակցությունը հնարավոր է միայն հատուկ հրավերի միջոցով։ Արարատն ու Մարիամը Հայաստանի միակ ներկայացուցիչներն էին այդ բարձրակարգ միջազգային միջոցառմանը։

Մայիս ամսին նրանք մասնակցել են Չինաստանում անցկացվող “Landuo Cup” միջազգային մրցույթին, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար պարային զույգերը։ Մրցույթում նրանք հաջողությամբ հաղթահարել են քառորդ եզրափակիչ փուլը և անցել կիսաեզրափակիչ՝ գրանցելով գերազանց արդյունք։

Մրցույթից հետո պարողները մասնակցել են սեմինարների և անցկացրել են վարպետաց դասեր՝ ինչպես ուսուցանելով, այնպես էլ սովորելով պրոֆեսիոնալ մասնագետներից։ Արարատն ու Մարիամը Հայաստան են վերադարձել ընդամենը օրեր առաջ։

Մենք հետևողականորեն կշարունակենք լուսաբանել նրանց հաջողությունները՝ ներկայացնելով ինչպես սպորտային պարերի զարգացման միտումները, այնպես էլ Հայաստանի չեմպիոնների ճանապարհը դեպի միջազգային բարձունքներ։

 

Լրագրող՝ Հասմիկ Բլեյան

15.05.2025

Այս թեմայով
am