Աշխարհում կատարյալ ժողովրդավարություն չկա. Ն. Փաշինյան
Հանուն Իրական Ժողովրդավարության. ի՞նչ հակակշիռներ են պետք իշխանությանը եւ
Սահմանադրություն՝ ազգային նպատակներով
Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, հասարակությունն իրավունք ունի պարզելու՝ որքանով են այս հայտարարությունները համընկնում իրականության հետ։ Իրական ժողովրդավարությունը պահանջում է ոչ միայն ազատ ընտրություններ, այլև հստակ գործող հակակշիռների համակարգ, որը կզսպի իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի կամ անհատի ձեռքում։
Բացի ատենակալների ինստիտուտի ներդրումից, որը կարող է որոշ չափով ամրապնդել դատական համակարգի անկախությունը, փորձագետները առաջարկում են նաև մի շարք այլ ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝
Սահմանադրական դատարանի անկախացում։
Պետք է վերանայել անդամների ընտրության մեխանիզմը՝ բացառելու գործադիր կամ օրենսդիր ճնշումը և ապահովելու դատարանի անկողմնակալությունը։
Հասարակական վերահսկողության խորհուրդներ. Դրանք կարող են գործել նախարարությունների և գործադիր մարմինների շուրջ՝ ներառելով հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներին։ Սա կօգնի գերատեսչությունների գործունեությունը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու։
Ընդդիմության վերահսկողական լծակներ. Պետք է խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարությունը կամ գոնե հիմնական վերահսկողական հանձնաժողովների նախագահությունը փոխանցել ընդդիմությանը՝ ապահովելով իրական ընդդիմադիր վերահսկողություն։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում խորհրդարանի հաշվետվությունների ու լսումների մեծ մասն իրականացվում է ընդդիմության կողմից ղեկավարվող հանձնաժողովների միջոցով, ինչը կանխում է իշխանության մոնոպոլիզացիան։
ՄԻՊ մանդատի ընդլայնում. Մարդու իրավունքներից բացի, օմբուդսմենի գրասենյակը կարող է հսկողություն իրականացնել նաև պետական իշխանության որոշումների օրինականության և արդյունավետության վրա։
Շվեդիայի օրինակը մատչելի է՝ որտեղ Օմբուդսմենի ինստիտուտը փաստացի վերահսկում է վարչական իշխանության գործունեության օրինականությունը՝ ներառյալ հարկային և սոցիալական ոլորտները։
Ազատ մամուլի ինստիտուցիոնալ պաշտպանություն. Պետությունը պարտավոր է սահմանել օրենսդրական ու ֆինանսական երաշխիքներ՝ լրագրողական գործունեությունը ազատ և անկախ պահելու համար՝ առանց պետական կամ օլիգարխիկ ճնշման։ Նորվեգիայի մեխանիզմը հետաքրքիր օրինակ է․ անկախ լրատվամիջոցներին տրամադրվում են պետական համաֆինանսավորումներ՝ բացառությամբ իշխանամետ կամ կուսակցական հարթակների, միաժամանակ պահպանելով լրատվամիջոցների բովանդակային լիակատար անկախությունը։
Այս քայլերը կձևավորեն համակարգային հակակշիռների մոդել, որը ժողովրդավարության իրական ապահովման գրավականն է։
Այժմազգային նպատակներով Սահմանադրության մասով։
Բացի ինստիտուցիոնալ բարեփոխումներից, ժողովրդավարության հիմքը նաև Սահմանադրական հենքն է։ Այսօր Հայաստանի գործող Սահմանադրությունը չունի ազգային և պետական ռազմավարական նպատակների հստակ ձևակերպում։ Սա թույլ է տալիս իշխանություններին գործել ըստ քաղաքական շահերի և ոչ թե ըստ ազգային տեսլականի։
Մինչդեռ նման երկրի համար՝ որն ունի հին պատմություն, բայց երիտասարդ պետականություն, կենսական է Սահմանադրությամբ ամրագրել հետևյալ հիմնական նպատակները՝ պետական ինքնիշխանության ապահովում, ազգային ինքնության պահպանում ու զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, համահայկական համերաշխություն, մշակութային ժառանգության պահպանում եւ այլն։
Այս պետական ռազմավարական նպատակների փաթեթը կարող է ամրագրվել Սահմանադրության նախաբանում կամ որպես առանձին հիմնարար դրույթ։ Սա իշխանությանը պարտավորեցնող գործիք է՝ բացառելով քաղաքական կամայականությունը և ապահովելով ազգային նպատակների նկատմամբ հաշվետվողականություն։
Եվ որքան էլ որ ՀՀ Վարչապետը նշում է, որ շատ երկրներ այս պատճառով իրենց համար հավելյալ խնդիր են ստեղծել, այնուամենայնիվ հաջողված միջազգային օրինակները խոսուն են։
Ֆրանսիա. Սահմանադրության նախաբանում հստակ ամրագրված է, որ Ֆրանսիան իրավական, աշխարհիկ, սոցիալական և ժողովրդավարական պետություն է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և հանրապետական արժեքներին։ Սա իշխանությանը իրավական պարտավորություն է պարտադրում՝ գործել համահունչ պետության հիմնարար արժեքներին։
Իսրայել. Չունենալով ամբողջական Սահմանադրություն՝ այդուհանդերձ, մի շարք հիմնական օրենքներով ամրագրվել է պետության՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության կարգավիճակը, որը քաղաքական որոշումների հիմքում մշտապես ընդգծում է պետական ու ազգային ինքնության գերակայությունը։
Հաջողված օրինակները շարունակելի են Գերմանիայի, Լեհաստանի եւ այլ երկրների նախադեպերով։ Ուստի,
Ժողովրդավարությունը միայն ընտրություն չէ, այլ նաև իշխանության զսպման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգ է՝ հիմնված ազգային նպատակների և հանրային վստահության վրա։ Իսկ Հայաստանի նման երկիրն առավել քան երբևէ կարիք ունի ժողովրդավարության ոչ թե իմիտացիայի, այլ բովանդակային խորացման։ Ժամանակն է՝ պետական շահը դուրս բերել կուսակցական շահերի կույր ենթակայությունից և ամրագրել այն Սահմանադրությամբ՝ հանուն իրական ժողովրդավարության և ազգային պատասխանատվության։
Մանրամասները՝տեսանյութում