Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար. վարչապետ
«Ողջունում եմ սոցիալական արդարությանը նվիրված մեր համաժողովը, որը ժամանակակից աշխարհում ամենակարևոր թեմաներից մեկին է անդրադառնում»:
Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Յուրաքանչյուր կառավարության ու հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն: Ուզում եմ ձեզ հետ կիսվել սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնով: Իմ կարծիքով՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության: Այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ»,- նկատել է նա:
Փաշինյանի խոսքով՝ կրթությունը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում:
«Ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարն առաջին հերթին դրվում է հանրակրթության ոլորտի հասանելիությամբ: Մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, երբ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին, ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը կառավարությունը փորձում է լուծել: Այդ խնդրի լուծմանն են ուղղված 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրն ու ակադեմիական քաղաքի նախագիծը: Այս թեմաներն ուղիղ կապ ունեն կանանց ներգրավման խնդրի հետ ու առաջին հերթին նկատի ունեմ մանկապարտեզների հասանելիությունը:
Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար՝ զբաղվելու իրենց կրթությամբ, բիզնեսով և զարգացնելու իրենց հմտությունները: Մանկապարտեզները կրթության առաջին աստիճանն են, որոնք մոլեկուլյալ մակարդակում պետք է ներդնեն այն հնարավորությունները, որոնք հետագայում պետք է օգտագործվեն: Ցանկացած տարիքում մարդը կարող է կանգնել սեփական կյանքը կառավարելու հմտությունների առաջ: Մեր քաղաքականությունն է մարդկանց աջակցել, որ նրանք իրենց կյանքը նոր իրավիճակներում կառավարելու ավելի լայն հնարավորություն ունենան»,- ընդգծել է վարչապետը:
Վերջինս շեշտել է, որ պետք է հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը:
«Դրանց կոնցեպտներն այլ են: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով, ու իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության որակի ու արտադրողականության հետ: Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, արտադրողական ու մրցունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: