Հակոբ Արշակյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը:
Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին:
«Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա աջակիցն են: Սա կարեւոր եւ անկյունաքարային հարց է, քանի որ հանրության շահերը ներկայացնելիս պետք է հաշվի առնենք՝ կանայք են, որ լավագույնս տիրապետում են իրենց իրավունքներին եւ իրենց վերաբերող խոցելի հարցերին ու որոշում ընդունող մարմիններում պետք է ներգրավված լինեն, որոշումներ ընդունեն»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա վկայակոչել է նաեւ պետական համակարգում կանանց դերի բարձրացմանն ուղղված դրական քայլերն ու հավելել. «Չնայած մեր օրենսդրությամբ քվոտավորումը 30 տոկոսին է վերաբերում, բայց Հայաստանի խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 35 տոկոսից ավելի է»:
Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ բանակցային գործընթացներում կանանց ներգրավվածությանը: «Խնդիրը ոչ միայն բուն բանակցային գործընթացին կանանց ներկայությունն է, որը շատ արժեւորում եմ, այլ այդ խաղաղության գործընթացում նրանց կարծիքի արտահայտման հնարավորությունն ու դրա ազդեցության կարեւորությունը»,- կարծիք է հայտնել Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալը խնդիրների շարքում ընդգծել է կանանց կրթության, առաջնորդություն ու պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունների սահմանափակության հարցերը, հաճախ նաեւ նրանց նկատմամբ հասարակության՝ վարքագծային փոփոխությունների մղող վերաբերմունքը: