Կանադան և Շվեդիան հայտարարել են Վրաստանի իշխանությունների հետ հարաբերությունների վերանայման և դադարեցման մասին
Կանադան հայտարարել է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վերանայման մասին, իսկ Շվեդիան՝ դրանց դադարեցման մասին։
Երկու երկրներն էլ մտահոգություն են հայտնել դիտորդների կողմից ընտրական խախտումների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ հաղորդումների մասին: Այս մտահոգությունն ավելի է սրվել կառավարության նախորդ գործողություններով:
«Կանադան մտահոգված է ընտրությունների օրը ընտրողների ահաբեկման, ձայների գնման և այլ խախտումների բազմաթիվ դեպքերով: Սա պետք է հետաքննվի և լուծվի: Համաձայնեցվելով մեր G7-ի և եվրոպացի գործընկերների հետ և հաշվի առնելով այս ընտրությունների առաջընթացն ու արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ։ Կանադան բաց է Վրաստանի հետ համագործակցության համար՝ պայմանով, որ վրացական ղեկավարությունը կհարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանդրադառնա ժողովրդավարության զարգացման վերջին հետընթացի հետ կապված հարցերին»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Շվեդիան դադարեցնում է շուրջ 200 մլն կրոնի չափով օգնությունը Վրաստանի կառավարության ծրագրերին, որը տարեկան կազմում է մոտ 17,37 մլն եվրո, գրում է JAMnews-ը։
Միաժամանակ կհատկացվի օգնության նոր գիծ՝ 25 մլն կրոն կամ մոտ 2,17 մլն եվրո՝ Վրաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար։
«Վրաստանում տիրող իրավիճակը որոշ ժամանակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Անցյալ շաբաթավերջին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները միայն ավելացնում են այս մտահոգությունները:
Հետևաբար, կառավարությունը դադարեցնում է Շվեդիայի և Վրաստանի պետական կառույցների միջև շարունակական ուղղակի համագործակցությունը՝ ներառյալ համագործակցությունը Վրաստանի հարկային ծառայության հետ»,- ասել է Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսը: