ԵՄ վիզաների ազատականացումն ավելի հավանական կդարձնի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը
ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը՝ որպես կարևոր գործընթաց, միանշանակ կարելի է դրական քայլ համարել, և քանի որ արդեն առարկայական ու շոշափելի արդյունքների նախաձեռնման գործընթաց է սկսվել, դա նշանակում է, որ ՀՀ-ն որոշ չափանիշներով ավելի մոտ է դարձել Եվրամիությանը, ինչը հնարավոր է դարձնում վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունն ավելի գործնական դարձնելը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
«Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։ Այնունամենայնիվ, դա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին ունենալ հասանելիություն Եվրոպական երկրներ անարգել այցելելու առումով, հետևապես նաև փորձի փոխանակման, մշակույթի, տնտեսական համագործակցության տեսանկյունից ավելի կդյուրացնի գործընթացն ու ավելի հավանական կդարձնի հետագայում Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը»,- ասաց Օրդուխանյանը։
Քաղաքագետը ուշադրություն դարձրեց նաև հնարավոր ռիսկերի վրա՝ ընդգծելով, որ եթե այդ ճանապարհով ունենանք արտագաղթի տեմպերի աճ, ապա դա կունենա բացասական ազդեցություն, իսկ եթե ամեն ինչ լինի վերահսկելի, այդ պարագայում կկարողանանք խոսել բացառապես օգուտների մասին, ինչը նաև մեր երկրին առհասարակ կբերի նոր հնարավորություններ։
«Եթե ունենք եվրոպական ինտեգրման նպատակ, և դա ռազմավարական շահ է, ապա այդ պարագայում վիզաների ազատականացումը, բնականաբար, մեր քաղաքացիներին թույլ տա Եվրոպան ավելի լավ ճանաչել, ոչ թե ունենալ լոկ հեռավար պատկերացում։ Այսինքն՝ դա ենթադրում է անմիջական շփումներ, ակտիվ համագործակցություն, ինչը հետագայում ավելի կհեշտացնի ինտեգրման գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնվու՞մ են արդյոք հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հնարավոր ձախողումը, քաղաքագետը շեշտեց, որ հարցը գտնվում է փոխադարձ ազդեցությունների տիրույթում։
«Եթե Հայաստանը բավարարում է որոշակի չափանիշների, դա հնարավոր է դարձնում վիզաների ազատականացումը, իսկ եթե ինչ-որ պահի արձանագրվի որոշակի հետընթաց, ապա գործընթացը կարող է վերանայվել, ինչպես օրինակ Վրաստանի պարագայում, որտեղ ԵՄ-ի հետ առկա հարաբերություններում որոշ հարցեր ավելի սերտ փոխգործակցության առումով մտնում են վերանայման փուլ, նույնիսկ հարևան երկրի դեպքում խոսվում է վիզաների ազատականացման որոշումը վերանայելու մասին։ Հայաստանը պետք է ձգտի պահպանել, իսկ հետո՝ բարձրացնել այն նշաձողը, որին հասել է։ Միայն այդ պրագայում գործընթացը կդառնա իրատեսական։ Մեզ մոտ ռիսկերը քաղաքական գործընթացի մեջ վերահսկելի են։ Եթե մեր ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու արևմտյան աշխարհի մնացյալ քաղաքակրթական սկզբունքներին, այդ դեպքում ներդաշնակ զարգացումը շարունակվում է, և այդ պայմաններում ռիսկերը չեզոքացվում են։ Հակառակ դեպքում գործընթացը կդանդաղի կամ առհասարակ բացասական արդյունքների դեպքում ամբողջությամբ կկասեցվի»,- մանրամասնեց Օրդուխանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում