ԱԺ-ում վիճաբանություն տեղի ունեցավ Աղվան Վարդանյանի ու Անդրանիկ Քոչարյանի միջև
Ո՞ւր է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Հարցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուղղեց 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Նշենք՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ՆԳ նախարարի փոխարեն փոխնախարար Արփինե Սարգսյանն է:
Գեղամ Մանուկյանը Սարգսյանի փոխարեն պահանջեց հենց նախարարի ներկայությունը՝ նշելով, որ այդպիսով կորոշի՝ ինքը մասնակցելո՞ւ է նիստին, թե՞ ոչ:
«Հանձնաժողովային քննարկումների օրակարգով նախատեսված է, որ զեկույցով հանդես պետք է գա հենց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նրա փոխարեն եկել է փոխնախարար Արփինե Սարգսյանը»,- հայտարարեց նա՝ հարց ուղղելով, թե՝ «վախեցե՞լ են»:
«Ձեզնից ոչ ոք չի վախեցել»,- արձագանքեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Վեճին միջամտեց Աղվան Վարդանյանը՝ պաշտպանելով Գեղամ Մանուկյանի տեսակետը և Քոչարյանին հայտնելով, թե վերջինիս պարտականությունն է ապահովել նախարարի ներկայությունը:
«Դուք ձեր պարտականությունը լավ չգիտեք»,- ասաց Վարդանյանը:
Ի պատասխան՝ Քոչարյանը հայտարարեց, թե հենց Աղվան Վարդանյանը տեղյակ չէ իր պարտականություններից:
«Մատդ ծալի»,- ասաց Վարդանյանը:
«Մատդ… եկել ես խանգարե՞ս»,- պատասխանեց Քոչարյանը՝ կոչ անելով ոչ ոքի նիստը չխանգարել:
Այս դիալոգից հետո կրքերը թեժացան, սկսվեցին փոխադարձ մեղադրանքներ ու խառնաշփոթ: