«Ասում եք՝ uшhմшնի վերարտադրություն, nտնшhшրել եք ամեն ինչ»․ բшնшվեճ ԱԺ-ում
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո նրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ բանավեճ տեղի ունեցավ։
Մինասյանը իր ելույթի սկզբում նշեց, որ ԱԺ օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և լայն թափ առած «Ազգային շարժմանը» վերաբերող օրակարգային հարցերը։
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից հայտարարություններ են անում, տարբեր լրատվամիջոցներով պիտակավորումներ են կատարում ու ամենաայլանդակ բառապաշարն են օգտագործում տարբեր մարդկանց՝ այդ թվում Բագրատ Սրբազանի հասցեին։
«Փորձում եք վիրավորանքներ հասցնելով իբր թե նսեմացնել շարժումը, բայց դուք դրանով ձեր վախերն եք ընդամենը բացահայտում ու ի ցույց դնում»,- ասաց Մինասյանը։
Նա շեշտեց, թե որևէ առնչություն չունի իշխանության բերած փաստարկները մեր պետության անվտանգության հետ։
«Ամենապարզ օրինակը բերեմ, առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Բացե՛ք տեսեք, ՀՀ որևէ օրենքով «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞, դուք այս ի՞նչ եք անում, դուք ոտնահարել, այլանդակել եք Հայաստանի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական, բարոյական համակարգերը։
Դուք ամեն ինչ տանում եք, հանձնում եք, ինչի՞ համար, մեկ բանի՝ ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպե՛ք, ինչքան կպնեք այդքան կսոսնձվեք, բայց, որ հեռացվեք աթոռն էլ ձեր հետ կհեռացվի և փոխարինվելու է նորմալ, ազգային աթոռով»,- նշեց Մինասյանը։
Ալեն Սիմոնյանն էլ Մինասյանին ասաց․
«Ստացվում է Դուք Ձեր բառապաշարով պնդում եք, որ Հայաստանը որևիցե սահման չունի՞։ Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞։ Դուք երկրորդ խմբակցության քարտուղարն եք, թիվ մեկ ամբիոնից հայտարարում եք, որ Հայաստանը սահման չունի՞։
Հիմա, որ մեր հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել ա՝ սահման չկա, էդ ժամանակ ի՞նչ եք ասելու։ Հետևե՛ք ձեր բառապաշարին, Հայաստանն ունի կոնկրետ սահման իրավական հիմքերով»։ Նա հավելեց․ «Պարոն Մինասյա՛ն, վերջացավ մեր բանավեճը»։