Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում, բնակիչների մտահոգությունները չեն փարատվել. հայտարարություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․ «Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը: 
Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը: 
Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը: 
Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: 
ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի: 
Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ: 
Իշխանությունը կորցրել է վստահությունը իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով: 
Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի»:

Աղբյուրը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

Այս թեմայով
am