Ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին.
Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վերջերս Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Ռուսաստանի մեղմ դիրքորոշումը մտահոգություն է առաջացրել ձեր քաղաքացիների շրջանում: Հաշվի առնելով այս փաստերը՝ պատրա՞ստ եք որդեգրել ավելի արևմտյան մոտեցում միջազգային քաղաքականության համատեքստում:
Նիկոլ Փաշինյան - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.:
Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները: