«ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ զինված ուժերի համար, տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրման հետ կապված զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների»։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517, 28 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացվել է 9,19 միլիարդ դրամով և կազմել 526,47 միլիարդ դրամ»,- հավելեց Պապիկյանը: Ըստ Պապիկյանի՝ Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների՝ ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառում․ «Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում»:
2023 թ․ ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել է երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«ՊԵԿ-ի հետ համատեղ բացահայտել ենք տնտեսական գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 3,9 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։
Բացահայտվել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս»,- հայտարարեց նա։
Աբազյանը նշեց, որ 2023 թ․ ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 16 խոշոր դեպք։
Բացահայտվել է նաև 204 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնք առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի ու իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացմանը։
Ըստ նրա՝ կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։
Աբազյանը հիշեցրեց, որ 2023 թ․ ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը։
«Մինչև 2023 թ․ տարեվերջ մասնակցել ու դրական գնահատական է ստացել ծառայողների շուրջ 20 տոկոսը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով։
Որոշում է կայացվել ՀՀ սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ֆունցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմաների բարելավման հնարավորություն»,- տեղեկացրեց ԱԱԾ տնօրենը։