ԳԹԿ-ն զգուշացնում է՝ հեռախոսով դիմորդները գուցե զրկվեն ամառային քննություններին մասնակցելու իրավունքից
Հունվարի 20-ին մեկնարկող՝ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց մոտ հեռախոս կլինի, կհեռացվեն քննությունից և հնարավոր է՝ զրկվեն ամռանը երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Երբ հեռախոս ունեցող դիմորդին հեռացնում են քննությունից, տպավորություն է, որ իրենց համար ոչինչ տեղի չի ունեցել, մի բան էլ շնորհակալ են լինում, թողնում- դուրս են գալիս։ Իրենք գիտեն, որ հունիսին նորից իրավունք ունեն մասնակցելու քննությանը, և հունվարին ուղղակի չեն գնահատվի»,–ասաց Նասիբյանը։
Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ հունվարին ավելի շատ են հեռախոսներ հայտնաբերում, քանի հունիսին։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում միասնական քննություններին մասնակցել է 11 800 դիմորդ։
Միասնական քննությունների համար նախապատրաստել են 43 քննական կենտրոններ, որոնք տեղակայված կլինեն Երևանում և մարզկենտրոններում։
Առաջին փուլին մասնակցողները՝ հունվար ամսին քննություն տվողներն ընտրում են միայն քննական առարկաները։ Մասնագիտություններն ընտրում են հունիսին։
Առաջին փուլում ամենաշատ դիմորդները«Անգլերեն» առարկայից են՝ 5045, «Մաթեմատիկա»-ից՝ 4198, «Հայոց լեզու և գրականություն»՝ 3242։ Ամենից քիչ դիմորդներն «Աշխարհագրություն»-ից են՝ 56, «Ֆրանսերեն»-ից՝ 32, «Գերմաներեն»-ից՝ 30, «Իսպաներեն»-ից՝ 1։