Հայաստանը ողջունում է որոշումը՝ առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Ուկրաինայի հետ. Արարատ Միրզոյան

Արևելյան գործընկերությունը նպաստել է Հայաստանում ժողովրդավարական անցման գործընթացին, Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա ընդգծել է՝ Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին:

«Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել: Եվ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ: Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:

Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:

Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական միությանը:

Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,- նշել է ԱԳ նախարարը։

Այս թեմայով
am