«Լաչառության մեջ մտնել չեմ ուզում»․ «Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»․ «Լռեք, պապանձվեք․ ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ․ ես եմ նիստը վարում»․ Միրզոյանն ու Գևորգ Պապոյանը հարձակվեցին ընդդիմադիր կին պատգամավորի վրա
«Դուք ինչպես պատասխանում եք պատգամավորներին, այդպես էլ բանակցում եք, ես չեմ հասկանում` էս ինչ մանյա է: Դուք մանտրայի պես կարող եք ամեն անգամ գալ ու կրկնել՝ «նախկինները», «վատ նախկինները» և 30 տարեկան հազիվ բոլորածին մեղադրել պետական թալանի մեջ»։
ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ում նա անվտանգության ոլորտի վերաբերյալ հարցեր էր ուղղել ու չէր ստացել սպառիչ պատասխաններ։
Փոխարենը Միրզոյանը հիշեց 30 տարվա թալանն ու ամեն ինչում մեղադրեց նախկիններին։
Քրիստինե Վարդանյանն էլ ընդգծեց, որ եթե հանցագործություն կա, ապա կարող են Միրզոյանի հետ գնալ և ոստիկանությունում հաղորդում տալ դրա մասին, քանի որ ընդդիմության հաղորդումները չեն ընդունում:
«Իսկապես, այս ի՞նչ մանյա է ձեզ մոտ, ինչ-որ հարց եմ տալիս, դուք անընդհատ գնում եք կա՛մ պիպետկայի կողմ, կա՛մ շպիոնության, ինչ-որ խնդիր կա՞ այդտեղ։ Ձեզ անվտանգության մասին եմ հարց տալիս, որի պատասխանը հետաքրքրում է շատ մարդկանց»,- ասաց Վարդանյանը:
Միրզոյանն էլ նկատեց, որ քաղաքական առումով արդեն ամեն ինչ ասել է և չի ուզում ոչինչ ավելացնել։
«Լաչառության մեջ մտնել չեմ ուզում»,- ասաց արտգործնախարարը։
Նրան «օգնության հասավ» կուսակից ընկերը՝ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը։
«Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում»,- ասաց Պապոյանը, թեև դա ամենևին էլ հարցին չէր առնչվում։
«Ես ասում եմ՝ հանրահավաքներ եք անում և գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»:
Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Նայեք ում գրպանն ուզում եք, եկեք, գնանք իրար հետ հանձնենք թեստեր ու տեսնենք՝ ում գրպանում ինչ կա ընդհանրապես: Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»:
Պապոյանը հանձնարարեց անջատել Վարդանյանի խոսափողը, ինչին ի պատասխան Վարդանյանն ասաց, որ այդ իրավունքը չունի:
«Լռեք, պապանձվեք: Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ: Ես եմ նիստը վարում»,- ասաց Պապոյանը: