Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. ինչ ունեցվածք է հայտարարագրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երեւանում։

Անշարժ գույքերից մեկը ձեռք է բերվել 2000 թվականին, մյուսը՝ 2017 թվականին, սակայն հայտարարագրում այն ձեռք բերելու ձեւը նշված չէ՝ կանխիկ, թե հիփոթեքով: Բացի այս, նա ½ բաժնեմաս ունի մեկ այլ բնակարանից, որը ձեռք է բերվել արդեն 2021 թվականին, և կրկին այն ձեռք բերելու տարբերակի մասին տեղեկություններ առկա չեն։

2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաեւ եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։

Պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռեւս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ չի մանրամասնել: Եթե սա լիներ նախկինում, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռումպացված չինովնիկ, իսկ հիմա լռում է:

Հավելենք, որ անցնող տարվա սկզբում նա իր բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ մեկ մլն դրամ գումար է ունեցել, սակայն արդեն տարեվերջին այդ գումարները ծախսված են եղել: Թե ինչի վրա է ծախսել, էլի պարզ չէ, քանի որ ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։

Իսկ, ահա, որպես տարեվերջին առկա կանխիկ գումար, վարչական շրջանի ղեկավարը հայտարարագրել է 41 հազար դոլար, 4500 եվրո եւ 10 մլն դրամ գումար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 8 մլն 433 հազար դրամ, որից 6 մլն դրամը որպես վարչական շրջանի ղեկավարի նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 720 հազար դրամն էլ նա ստացել է Հայփոստից՝ թերեւս էլի որպես աշխատավարձի ինչ-որ մաս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Այս թեմայով
am