Երևանում հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ
Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է Shashyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։
Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։
Ոստիկանության ծառայողները տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը։