Պարն անձրևի տակ. «Մտքովս անցավ մի հիշվող բան անել»
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում արագորեն տարածված այս գեղեցիկ լուսանկարի հերոսներն արցախցի շրջանավարտներն են՝ համադասարանցիներ Կարենն ու Անին։
Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 դպրոցի սաների՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար հասնելուն պես հորդառատ անձրև սկսկեց։
Դասարանի տղաները պատսպարվեցին եկեղեցու նախագավիթում, աղջիկները՝ մոմի վաճառքի համար նախատեսված կառույցում՝ սպասելով, որ անձրևը դադարի։
Լուսանկարը՝ Գեննադի Մուսայելյան
«Պատահական ստացվեց։ Տեսա, որ անձրևն ավելի է ուժեղանում։ Ասեցի մի բան անեմ, որ հիշվի։ Մտքովս անցավ, որ կարելի է անձրևի տակ պարել։ Վերջ ի վերջո «Վերջին զանգ» է։ Չէի պատկերացնում, որ ամբողջ աշխարհով կտարածվի»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Կարեն Գալստյանը։
Նա զանգում է մի քանի մետր հեռու գտնվող դասընկերուհուն՝ Անիին, որ իրեն ընդառաջ գա ու անձրևի տակ պարեն։ Անին սիրով ընդունում է առաջարկը։
«Վերջին զանգ»-ի բեմական հատվածում Անին Կարենի պարընկերն էր։ Նման գեղեցիկ պար ցուցադրելու համար դասարանցիները պարապում էին դեռ ապրիլից։