ԱՆ-ն հետամուտ կլինի ՀՀ-ում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի դատապարտյալների իրավունքների անխոչընդոտ իրացմանը
Արդարադատության նախարարի տեղակալն ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանն ու դատաիրավական ոլորտում առկա համագործակցությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և երրորդ աստիճանի խորհրդական Սեյեդ Ալի Ֆալլահին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցման և դատաիրավական ոլորտում առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները: Արմենուհի Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Արդարադատության նախարարության իրավասության սահմաններում հետամուտ լինել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի դատապարտյալների և կալանավորների իրավունքների անխոչընդոտ իրացմանը:
Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում և հույս հայտնել, որ ապագայում ևս կգրանցվեն համագործակցության բարձր ցուցանիշներ:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ»,- նշված է հաղորդագրությունում: