Մենք գնահատում ենք ձեր բարդ, պատասխանատու և հանրօգուտ աշխատանքը.Էդուարդ Բաբայան
Աբովյանի քաղաքապետ` Էդուարդ Բաբայանի շնորհավորանքը Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ:
2001թ. ապրիլի 16-ին ՀՀ-ում ընդունվեց «Ոստիկանության մասին» օրենքը, այս օրը մեր երկրում նշվում է որպես ոստիկանության օր:
Մասնագիտական օրվա առիթով շնորհավորում եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներին:
Իրավահավասար հասարակության ստեղծման, հասրակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարի և երկրի ներքին կայունության ապահովման հարցում ոստիկանությունը անչափ կարևոր դեր ու ներդրում ունի: Կարևոր այս գործառույթներից զատ՝ մենք պետք է հիշենք, որ ոստիկանության ներկայացուցիչները անուրանալի ծառայություն են մատուցել նաև երկրի պաշտպանության հայրենանվեր գործում. խոնարհում ու հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկաններին:
Վստահ եմ, որ մենք ունենք քաղաքացիների շրջանում օրինակելի և հարգարժան, իրենց գործի նվիրյալ ոստիկաններ, ովքեր արթնացնում են պաշտպանվածության և համընդհանուր վստահության զգացում, նպաստում բնակիչների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը և հասարակայնորեն օգտակար նպատակների իրագործմանը: Ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր որակներով պետք է օժտված լինի ոստիկանը իր պատասխանատու աշխատանքում, քաղաքացիների հետ շփման մեջ ցուցաբերի օրինապահ, բայց և բարեխիղճ ու համբերատար մոտեցում:
Հարգարժա՛ն ոստիկաններ.
Մենք գնահատում ենք ձեր բարդ, պատասխանատու և հանրօգուտ աշխատանքը: Մասնագիտական օրվա առիթով կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում՝ բարեկեցություն ձեր ընտանիքներում, հաջողություններ ու անվտանգ ծառայություն մասնագիտական ոլորտում: