Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ
Թանկագի՛ն մայրեր, սիրելի' կանայք, քույրեր և դուստրեր.
Մարտի 8-ը՝ գարնանային այս ջերմ ու սիրելի տոնը, լավագույն առիթն է մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու ձեր բազմաթիվ արժանիքների համար: Անգնահատելի է հայ կնոջ մեծագույն սերն ու հոգատարությունը ընտանիքի նկատմամբ, անմնացորդ նվիրումը սերունդների դաստիարակության պատասխանատու գործին և արտասովոր համբերատարությունն ու տոկունությունը դժվարին իրավիճակներում: Հայ կնոջ նվիրվածության և հայեցի կենցաղավարության շնորհիվ հազարամյակներ շարունակ մենք ունենք շեն ու ամուր ընտանիքներ, կիրթ ու ազգապահպան սերունդներ:
Խորին հարգանքով և լավագույն ցանկություններով առաջնահերթ շնորհավորում եմ մեր հերոսածին մայրերին. մենք պարտավոր ենք դառնալ ձեր կարոտին ու ձեր զավակների նվիրումին արժանի միասնական, չկոտրվող հասարակություն:
Հարգելի՛ կանայք.
Նկատելի և գովելի է ձեր բացառիկ դերն ու ակտիվությունը հանրային կյանքում: Հանդուրժող և կենսունակ հասարակության ձևավորման, ինչպես նաև երկրի զարգացման հարցում դուք հիմնարար և նշանակալի դերակատարություն ունեք:
Թող որ անսպառ լինի ձեր աշխատասիրությունն ու պատրաստակամությունը, որի շնորհիվ բազում առտնին խնդիրներին զուգահեռ հասցնում եք լինել պարտաճանաչ աշխատողներ ամենատարբեր ոլորտներում:
Գարնանամուտի այս գեղեցիկ տոնի առիթով, կրկին շնորհավորելով, ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ հմայք, հարատև երջանկություն, և թող ձեր ընտանիքներում մշտապես տիրի սեր, ներդաշնակություն ու բարօրություն:
Աբովյան համայնքի ղեկավար` Էդուարդ Բաբայան