Հետպատերազմյան շրջանում մենք շատ կարիք ունենք դիվանագետների, քաղաքագետների. Թագուհի Թովմասյանը` ուսանողների հետ հանդիպմանը

Հետպատերազմյան շրջանում մենք շատ կարիք ունենք դիվանագետների, քաղաքագետների: Հայաստանն ու Արցախն աշխարհին նորովի ներկայացնելու անհրաժեշտություն կա: Ուրախ եմ, որ դուք ընտրել եք այդ մասնագիտությունները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը փետրվարի 15-ին` հանդիպելով խորհրդարանում փորձաշրջան անցնող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:

Թագուհի Թովմասյանը խոսել է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կարեւորության մասին, անդրադարձել օրենսդրական աշխատանքին: Հանձնաժողովի նախագահի խոսքով ընդդիմադիր պատգամավորների` շատ նախաձեռնություններ չներկայացնելը պայմանավորված է խորհրդարանական մեծամասնության կողմից դրանց մերժմամբ: Այս համատեսքտում պատգամավորը հիշեցրել է իր հեղինակած` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը եւս մերժվել է:

Անդրադառնալով իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ որպես ընդդիմադիր եւ անկուսակցական` իր գործառույթներն իրականացնում է որպես հանձնաժողովի նախագահ եւ հանդես չի գալիս հանձնաժողովի հավաքական կարծիքի անունից: Պատգամավորը փաստել է, որ հետպատերազմական իրավիճակում իր հիմնական աշխատանքն ուղղված է միջազգային հարաբերություններին եւ արտաքին աշխարհի հետ կապին. «Մեկ տարվա ընթացքում 700-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային տարբեր ատյաններին` բարձրաձայնելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, Արցախի բնակիչների ամենատարբեր իրավունքների խախտումների մասին»:

Թագուհի Թովմասյանը պատասխանել է ուսանողների հարցերին` դրանք վերաբերել են տարածաշրջանային անվտանգությանը, արտաքին աշխարհի հետ շփումներին, սահմանների անվտանգության ուժեղացմանը, առաջնագծի կահավորմանը, Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Մենք բոլորս մեր տեղում պետք է մշտապես ահազանգենք միջազգային կառույցներին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ դա կնպաստի նրանց կողմից արագ ու հասցեական արձագանքմանը:

Այս թեմայով
am