Կրակոցներ և վրաերթ Երևանում Վարդավառի օրը. Meganews.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից
Meganews.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որն ավարտվել է կրակոցներով և վրաերթով։
Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով ու գլխարկով մի տղամարդ, ատրճանակը ձեռքին, մոտենում սև շապիկով քաղաքացուն և կրակում նրա ոտքին։ Այնուհետև նա մի քանի կրակոց է արձակում նաև կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո մեքենան տեղից շարժվում է և վրաերթի ենթարկում կրակող տղամարդուն։ Կադրերում լսվում են դեպքի ականատեսների աղաղակներն ու բղավոցները։
ՀՀ քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։ Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Meganews.am-ի տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդման ենթարկված անձը կրակոցներ արձակած տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդն է։ Իսկ կրակոցներ արձակած երիտասարդը դեպքից հետո դիմել է փախուստի։
Մարգարիտա Դավթյան