Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան
2026 թվականի մայիս ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դրանք են՝
- 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
- ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
Մասնավորապես՝
- «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
- «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
- «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
- «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
- «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: