17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է

Վեդի քաղաքում 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Ապրիլի 22-ին Վեդիի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մեկ անձը մեկ այլ անձի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։ Ոստիկանները հրավիրել են տուժողին, ով հաղորդում է ներկայացրել, ինչից հետո հայտնաբերվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ Badoyan.news-ը գրել էր, որ Վեդիում մանկապղծության միջադեպ է գրանցվել։ Նշվում էր, որ արարքը կատարած՝ Վեդու բնակիչներ 58 և 65 տարեկան տղամարդիկ, ազատության մեջ են։ Ըստ լրատվամիջոցի՝ դեպքից հետո տուժող կողմի հարազատները փորձ են արել վենդետայով վրեժ լուծել։

ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում նաև հայտնեցին, որ անհեթեթություն են մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե ՆԳՆ-ն փորձում է կոծկել միջադեպը։ Ըստ խոսնակի՝ կառույցը իր ունեցած տեղեկությունների հիման վրա է տուժողին հրավիրել ոստիկանության բաժին։

Այս թեմայով
am