Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։
Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։
Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։
Ու ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, և Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։
Այս մտածումների և հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։
Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։
Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։
Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։
Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։
Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել և գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրամաբանությունից։
Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։
Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։
Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։
Զոհերի և զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։
Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի և ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։