Փորձառություն, թե՞ փորձադաշտ. ծանրամարտը՝ երկակի ստանդարտների թիրախ

Հայկական սպորտում կրկին առաջացել է մի իրավիճակ, որը դժվար է բացատրել մասնագիտական տրամաբանությամբ։ Խնդիրը վերաբերում է սպորտային կառույցների կառավարման սկզբունքներին և այն հարցին, թե արդյոք կադրային նշանակումները բխում են ոլորտի շահերից, թե՞ հետապնդում են այլ նպատակներ։

Այս համատեքստում անխուսափելի է դառնում զուգահեռը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանիանցած ճանապարհի և ներկայիս կառավարման մոդելի միջև, որը փորձում է ներդնել Արայիկ Հարությունյանը:

Փաստարկված արդյունք՝ ընդդեմ կասկածների

Երբ 2004-ին Գագիկ Ծառուկյանը ստանձնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարումը, հանրային ու մասնագիտական շրջանակներում նույնպես կասկածներ կային։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ կառավարումը կարող է փոխել իրականությունը։ Ծառուկյանն ընդունեց մի համակարգ, որը փաստացի փլուզման եզրին էր. քայքայված ենթակառուցվածքներ, անտեսված մարզիկներ և միջազգային ասպարեզում գրեթե չլսվող Հայաստան։

Այսօրվա արդյունքը տեսանելի է և չափելի.

• Ենթակառուցվածքներ. Տասնյակ վերանորոգված ու զրոյից կառուցված մարզադպրոցներ։

• Մարդկային կապիտալ. Մարզիկների համար ստեղծված նյութական և բարոյական խրախուսման հստակ համակարգ, որը կանգնեցրեց «մարզական արտագաղթը»։

• Հաղթանակների դինամիկա. Միջազգային հարթակներում հաղթանակների կտրուկ աճ։ Հատկապես ծանրամարտը դարձավ Հայաստանի «մեդալային շարժիչը»՝ շնորհիվ հետևողական ներդրումների։

Սա պարզապես պաշտոնավարում չէր, սա համակարգի ամբողջական վերականգնման ու կայացման գործընթաց էր։

Անպատասխան հարցեր և մասնագիտական վակուում

Այժմ, դիտարկելով Արայիկ Հարությունյանի հավակնություններն ու դերակատարումը ոլորտում, առաջանում են հարցեր, որոնք այլևս հնարավոր չէ շրջանցել.

1.    Ի՞նչ մասնագիտական ուղի ունի նա ծանրամարտում կամ ընդհանրապես սպորտի կառավարման ոլորտում։

2.    Ի՞նչ կապեր և հեղինակություն ունի նա միջազգային սպորտային կառույցներում, որտեղ որոշվում են մեր մարզիկների և երկրի շահերը։

3.    Ո՞րն է նրա զարգացման տեսլականը, որը պետք է գերազանցի կամ գոնե պահպանի առկա բարձր նշաձողը։

Այս հարցերի պատասխանները կա՛մ բացակայում են, կա՛մ սահմանափակվում են ձևական հայտարարություններով։

Երկակի ստանդարտների «ֆենոմենը»

Եթե տարիներ առաջ սպորտի կառավարման մեջ քննադատվում էր «ոչ մարզական» անցյալ ունեցող մարդկանց ներգրավումը, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի կիրառվում այսօր։ Ինչո՞ւ այն, ինչ ընդունելի չէր մեկի դեպքում, անտեսվում է մյուսի պարագայում։

Սա դասական երկակի ստանդարտների դրսևորում է։ Եթե Գագիկ Ծառուկյանը գնահատվում է իր կոնկրետ գործով՝ կառուցված դահլիճներով և բարձրացված դրոշներով, ապա նույն խիստ չափանիշներով պետք է գնահատվի ցանկացած նոր հավակնորդ։ Իսկ այդ չափանիշներով նայելիս պատկերը մտահոգիչ է. որտե՞ղ են արդյունքները և ո՞ւր է փորձառությունը։

Սպորտը փորձադաշտ չէ, իսկ ֆեդերացիաները՝ քաղաքական ամբիցիաներ բավարարելու հարթակներ չեն։ Սա մի զգայուն ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր սխալ կառավարչական որոշում կարող է տարիներով հետ գցել մարզիկների կարիերան և վնասել երկրի միջազգային հեղինակությանը։

Հայկական ծանրամարտը և առհասարակ սպորտը չեն կարող իրենց թույլ տալ ղեկավարում, որը հիմնված չէ փորձի, մասնագիտական վստահության և անվիճելի արդյունքների վրա։ Ժամանակն է դուրս գալ քաղաքական նպատակահարմարության շրջանակից և առաջնորդվել բացառապես սպորտի շահով։

«Մեգանյուզ» լրատվական

Այս թեմայով
am