Բացահայտվել են ընտրակաշառքի նոր դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ և տեսանյութ է հրապարակել
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Այս մասին Meganews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել շենք։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: