Շենգավիթում բացվեց խոտի հոկեյի մարզադաշտը․ մեկնարկեց պատանիների առաջնությունը
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Շենգավիթի համալիր մարզադպրոցում կառուցված խոտի հոկեյի (մականախաղի) նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը։
Բացման խորհրդանշական արարողակարգը կատարել են Տիգրան Գաբրիելյանը և Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Վարդանյանը։
Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական և մարզական ծրագրով, ներառյալ պարային բեմադրություններն ու ակրոբատիկ համարները։
Մարզադաշտի պաշտոնական բացումից անմիջապես հետո մեկնարկել է մինչև 18 տարեկան տղաների Հայաստանի Հանրապետության խոտի հոկեյի առաջնությունը։
Նշենք, որ նորակառույց մարզադաշտը նպատակ ունի խթանել խոտի հոկեյի մասսայականացումը, բարձրացնել մարզիկների պատրաստվածության մակարդակը և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում։