Օրենքով պետք է արգելել պետական ծառայությունը նրանց համար, ովքեր որդիներին այլ երկրի քաղաքացիություն են տվել բանակում չծառայելու համար. Փաշինյան
Նրանք, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք չպետք է ունենան․ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե աշխատանքից ազատել է ՊՆ աշխատակից այն ծնողներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացիներ են։
«Մենք սա պետք է անենք օրենսդրական կարգավորումով, որ ինքնաշխատ լինի»,- ասաց նա։
Լրագրողը նկատեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով է բանակից ազատվել, նաև հարցրեց, թե Փաշինյանը կհանձնարարի՞ իրավապահներին քննել այն հանգամանքը, որ ժամանակին ՀԺ-ի տրանսպորտային թղթակից իսկ այսօր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից, որովհետև որդին ֆուտբոլիստ է․ շահերի բախում կա։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, թե լրագրողի այս հայտարարությունները ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քննեն։